
Մայիսի 16-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ եգիպտացի հայտնի գրող և պատմաբան դոկտոր Ահմեդ Յուսեֆի դասախոսությունը, որի ընթացքում ներկայացվեց նրա հեղինակած «Բոնապարտը» գիրքը
Մայիսի 16-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ եգիպտացի հայտնի գրող և պատմաբան դոկտոր Ահմեդ Յուսեֆի դասախոսությունը, որի ընթացքում ներկայացվեց նրա հեղինակած «Բոնապարտը» գիրքը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը և դեսպանության ներկայացուցիչները, ԵՀՀ ռեկտոր Սուրեն Հարությունյանը, ինստիտուտների տնօրենները, դասախոսները և ուսանողները։
Դասախոսության ընթացքում դոկտոր Յուսեֆը խոսեց Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքի պատմական նշանակության մասին՝ շեշտադրելով այդ իրադարձության ազդեցությունը ոչ միայն Եգիպտոսի, այլև ողջ Մերձավոր Արևելքի պատմության վրա։ Գրքում վերլուծվում է 1798-1801 թվականներին Նապոլեոնի նախաձեռնությամբ իրականացված ռազմական արշավանքը (ֆր.՝ Campagne d’Égypte), որը նպատակ ուներ Ֆրանսիայի վերահսկողության տակ առնել Եգիպտոսը՝ ընդլայնելով նրա ազդեցությունը տարածաշրջանում։
«Բոնապարտը» գիրքը ոչ միայն պատմական փաստերի համադրություն է, այլև փորձ է ներկայացնելու այն քաղաքական, մշակութային և ռազմավարական շարժառիթները, որոնք հիմք հանդիսացան Նապոլեոնի այս կարևորագույն քայլի համար։ Դասախոսության ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու Ահմեդ Յուսեֆին։