
ԵՀՀ ԴԱՍԱԽՈՍ ԼԻԼԻԹ ԱՄԻՐՋԱՆՅԱՆԸ՝ ԿԻՆ ՍՐԲԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Երևանի Հայբուսակ համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիլիթ Ամիրջանյանը
հայկական սրբանկարչությունն է ներկայացրել Լանքասթեր համալսարանի գրադարանի կողմից կազմակերպված
«ԿԱՆԱՆՑ ՍՐԲԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ» խորագրով համալսարանի թվային նոր
արխիվի մեկնարկմանը առցանց հարթակում։
Լանքասթեր համալսրանի արխիվի ֆինանսավորողն է AHRC (Arts and Humanities Research Council)-ը, որը
կազմում է «Contemporary Women’s Icons»-ծրագրի մի մասը։ Իր տեսակի մեջ առաջինը լինելով՝ արխիվը
թվային հարթակում ներկայացնում է տարբեր երկրներից՝ Հայաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Մեքսիկայից,
Լիբանանից, Հունաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լատվիայից, Ֆինլանդիայից, Մեծ Բրիտանիայից,
ընդհանուր առմամբ՝ քսանչորս կին սրբանկարիչների ստեղծագործությունները և առաջին անգամ է միջազգային
հարթակում ներկայացնում դասախոսություններ, զեկուցումներ, սրբապատկերների ցուցադրություն՝ նվիրված
սրբանկարչուհիների ստեղծագործությունների լուսաբանմանն ու հետազոտմանը։
Ծրագրի ղեկավար դոկտոր Ազելինա Ֆլինթը իր հանրային դասախոսության ընթացքում նշեց, որ կանանց
սրբանկարչության առաջին միջազգային գիտաժողովի և ծրագրի առցանց միջոցառման նպատակն է բարձրացնել
աշխարհի կին սրբանկարիչների նվաճումների մասին իրազեկվածության մակարդակը ուղղափառ սրբազան
պատկերագրության ոլորտում և հետազոտել, թե ինչպես են տարբեր դավանանքի, մշակութային, էթնիկ ծագում
ունեցող կանայք այս հինավուրց ավանդույթում ստեղծում իրենց դիմագիծն ու դիրքը։
Միջազգային միջոցառմանը մասնակից վեց երկրների սրբանկարչուհիների շարքում ներկայացնելով Լիլիթ
Ամիրջանյանին՝ որպես Հայաստանում հեղինակավոր նկարչուհու, ում՝ մշակութային ոլորտում իր ունեցած
նշանակալի ավանդի համար ՀՀ Մշակույթի նախարարության կողմից շնորհվել է «Շնորհակալագիր», դոկտոր
Ազելինա Ֆլինթը նշեց, որ Լիլիթ Ամիրջանյանն առաջինն է, ով հայկական միջնադարյան մանրանկարչական
արվեստի ավարտից (XIX դ․) և հարյուրամյա դադարից հետո՝ XX-XXI դդ․ ստեղծել է երեք ձեռագիր, պատկերազարդ
Սուրբ Գրքեր՝ Ավետարաններ (1995-2008թթ․), շարունակելով հայկական ազգային ավանդական
մանրանկարչության ու սրբանկարչության ավանդույթները։
Լ․ Ամիրջանյանը, ում քսանչորս սրբանկարները ներկայացված են Լանքասթեր համալսարանի արխիվի ցուցադրության
«Ավանդական» բաժնում, հանդես եկավ «The Icons as Testimonies of Saints» («Սրբապատկերները՝ որպես
վկայություններ Սրբերի մասին») խորագրով զեկուցմամբ։ Կարևորելով քրիստոնյաների կյանքում սրբապատկերների
դերն ու նշանակությունը, և շեշտելով, որ սրբազան պատկերները ոչ միայն «պատուհաններ են դեպի
հավիտենություն», այլև վկայություններ են Սրբերի կյանքի, վարքի, Քրիստոսի և քրիստոնեական հավատքի հանդեպ
Սրբերի անձնուրաց սիրո ու անձնազոհ նվիրվածության, նկարչուհին խոսեց սրբանկարիչ ստեղծագործողին
ներկայացվող գեղագիտական պահանջների և բարեհաջող ստեղծագործական գործընթացի երեք գլխավոր փուլերի
մասին։
Հավելենք նաև, որ Լ․Ամիրջանյանը, բացի սրբանկարչության ոլորտում ստեղծագործելուց, զբաղվում է նաև
գիտական ուսումնասիրություններով, հեղինակ է մեկ մենագրության, 25 գիտական հոդվածների, որոնք տպագրվել
են Հռոմում, Ուկրաինայում, Հայաստանում։ «Հայկական մանրանկարչական արվեստի ուսուցման մեթոդիկան և
տեխնիկան» խորագրով նրա թեկնածուական ատենախոսությունը 2024թ․ հրատարակվել է Գերմանիայում Լամբերտ
հրատարակչության կողմից։ Լ․Ամիրջանյանը մասնակցել է նաև բազմաթիվ միջազգային գիտաժողովների՝ սկսած
2000թ․ մինչև 2025թ․, վարել է վարպետության դասընթացներ Իտալիայում, Ֆինլանդիայում, Իռլանդիայում,
Հայաստանում։