
Հայաստանի ձայնը՝ իսպանախոս երկրներում
Հայաստանը, հայկական մշակույթն ու պատմությունը, հայ արվեստագետներն ու նրանց աշխատանքներն
այսուհետ առավել ճանաչելի կլինեն իսպանախոս երկրներում։
Իսպանիայում լույս է ընծայվել La Voz Armenia (Հայաստանի ձայնը) ամսագիրը, որի պաշտոնական
շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 21-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում։
Միջոցառման ընթացքում ամսագրի գլխավոր խմբագիր Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրեց La Voz
Armenia-ի ստեղծման պատմությունը և գործունեությունը, խոսեց հայկական մշակույթի հանրահռչակման
գործում սփյուռքի դերի և Հայաստանի հետ կապերի կարևորության մասին։
«Մենք համագործակցում ենք տարբեր հեղինակների հետ, որ գրենք մեր մշակույթի, պատմության,
գաղթօջախների, սփյուռքի գործունեության, պատմամշակութային արժեքների մասին։ Մտածենք հայերեն և
սովորեցնենք հայերեն մտածել նաև սփյուռքում ծնված և մեծացած մեր երեխաներին»,- ասաց նա։
«Հայբուսակ» համալսարանի նախկին ռեկտոր, Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահ, բանասիրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը կարևորեց Իսպանիայում նման ամսագրի
հրատարակումն՝ ընդգծելով, որ եթե իրեն հարցնեն ինչի մասին է La Voz Armenia-ն, նա կպատասխանի՝ մեր
մասին։
«Այն հայերի մասին է, մեր պատմության ու մշակույթի։ Ո՞վ ենք մենք, եթե մենք հայ չենք։ Եթե մենք մեր
ինքնությունը չգիտենք, չենք տեսնում, չենք պատկերացնում, հետևաբար մենք զրո ենք։ Դա հատկապես
զգացվում է, երբ դու ապրում ես Հայաստանից դուրս։ Իսկ այս պարբերականի միջոցով մենք ճանաչելու ենք
ինքներս մեզ, և մեզ են ճանաչելու նաև մյուսները»,- ասաց Հարությունյանը։
«Հայբուսակ» համալսարանի Բժշկական ինստիտուտի տնօրեն Յանինա Մարինոսյանն էլ ողջունեց նման
նախաձեռնությունը և հայտնեց, որ Դավիթ Հովհաննիսյանը նշանակվել է «Հայբուսակ» հիմնադրամի տնօրեն:
Ամսագրի շնորհանդեսին ներկա էին նաև Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը,
քանդակագործ, գեղանկարիչ Բոգդան Հովհաննիսյանը, «Հայբուսակ» համալսարանի դասախոսական կազմի
ներկայացուցիչները և ուսանողները։