
Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ. աջակցության ծրագիր ուսանողների համար
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ ՀՀ ողջ տարածքում իրականացնելով առողջապահական, սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներին միտված ծրագրեր։ Հիմնադրամի նպատակն է գտնել համակարգային և երկարաժամկետ լուծումներ ոլորտային հիմնախնդիրների համար՝ ապահովելով համայնքների զարգացում և կայուն ապագա։
2023-2024 թվականներին հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձրել կրթական ոլորտին՝ մեկնարկելով և շարունակելով «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է աջակցել մինչև 70 ուսանողի՝ ստանալու մասնագիտական զբաղվածություն։
Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր պետական և պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երի 3-րդ կուրսի ուսանողները, ովքեր իրենց 4-րդ կուրսում հնարավորություն կունենան՝
- Ստանալ ուսման վարձի 80% փոխհատուցում մեկ տարվա համար,
- Մասնակցել 44 ժամյա կրթական ծրագրի, որը մշակվել է գործընկեր առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից,
- Ձեռք բերել գործնական հմտություններ և մասնագիտություն կարճ ժամանակահատվածում,
- Ներգրավվել կազմակերպությունների ներսում գործնական գործընթացներում,
- Ակտիվ մասնակցության դեպքում ստանալ հիմնական աշխատանքային առաջարկ։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է, որպեսզի ուսանողներն ուղարկեն մասնակցության հայտ info@apagafoundation.am էլ․ հասցեին՝ թեմա հատվածում նշելով «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր, որից հետո կանցնեն թեստավորում անգլերենի, տրամաբանության և աշխատանքային մոտիվացիայի ստուգման նպատակով:
Այս 2 տարիների ընթացքում ծրագրին ընդգրկվել է 40 ուսանող ՀՀ 10 ԲՈՒՀ-երից, ովքեր արդեն ունեն իրենց հիմնական աշխատանքը: Հավելենք, որ ծրագրին են միացել մոտ 15 կազմակերպություն, այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ՀՀ ԱՍՀՆ: