
Իրավաբանական կրթության նոր հորիզոն․ Երևանի «Հայբուսակ» համալսարանը և Տերամոյի համալսարանը
մեկնարկեցին կրկնակի դիպլոմի ուսման ծրագիր
Երևանի «Հայբուսակ» համալսարանը և Իտալիայի Տերամոյի համալսարանը մեկնարկում են իրավաբանական կրթության համատեղ ուսման ծրագիր։ Այս գործընկերությունը միտված է Հայաստանում իրավաբանական կրթության որակի բարելավմանը՝ 21-րդ դարի իրավաբանների կոմպետենցիաների ձևավորման միջոցով։
Հունիսի 12-ին «Հայբուսակ» համալսարանն ընդունեց իտալացի գործընկերներին, և պայմանագրի ստորագրմամբ կյանքի կոչվեց համատեղ ծրագիրը։ ԵՀՀ ռեկտոր Սուրեն Հարությունյանը հայտնեց, որ կրկնակի դիպլոմի ծրագրից կօգտվեն հայ, իտալացի և այլ արտերկրի ուսանողները՝ ամրապնդելով միջազգային ակադեմիական կապերն ու մշակութային փոխանակումը։ «Հայ ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառության 2 տարին անցկացնել Իտալիայում, իսկ ուսման ավարտին ստանալ կրկնակի դիպլոմ»,- հայտարարեց Ս․Հարությունյանը։
ԵՀՀ Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Լիանա Մալխասյանն էլ ընդգծեց․ «Մեր նպատակն է ստեղծել կրթական միջավայր, որը լիովին համապատասխանում է եվրոպական ակադեմիական և մասնագիտական չափորոշիչներին։ Այս համատեքստում 2023 թվականից համագործակցում ենք Տերամոյի համալսարանի հետ։ Իրականացվել են փոխայցելություններ, քննարկումներ, մշակվել է համատեղ ծրագիրը, ուսումնական մեթոդաբանություն, կրեդիտային համակարգ և ուսումնառության ձևաչափեր։ Հայաստանի և Իտալիայի իրավական համակարգերը ծագում են նույն՝ ռոմանոգերմանական իրավական ընտանիքից, ինչի շնորհիվ Տերամոյի համալսարանը դարձել է այս նախաձեռնության տրամաբանական գործընկեր»։
Պայմանագրի ստորագրման հանդիասվոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտին, ով իր ելույթում ընդգծեց, որ անհրաժեշտ է առավել շատ հնարավորություններ ստեղծել ուսանողների համար՝ սովորելու, փորձառություն ձեռք բերելու և ճամփորդելու։ Նրա խոսքով՝ Իտալիան և Հայաստանը կարևորում են կրթության դերը և համագործակցում են՝ ավելի լավ հասարակություն կառուցելու նպատակով։ «Մենք ներդրում ենք կատարում ապագայի վրա՝ նպաստելով ուսանողների և դասախոսների միջև գիտելիքի ու ակադեմիական փորձի փոխանակմանը»,- նշեց դեսպանը։Տերամոյի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան Էմանուելա Պիստոյան անդրադարձավ այս համագործակցության կարևորությանը՝ իրավական դաշտի կայացման տեսանկյունից։ Նրա գնահատմամբ՝ գլոբալիզացիայի պայմաններում անհնար է մնալ միայն ազգային իրավական դաշտի շրջանակում․ «Երբեմն շատ դժվար է տեղական օրենքներից անդին անցնել և դա վերածել ուժեղ կողմի։ Մենք լիովին հասկանում ենք մարտահրավերները, սակայն ժամանակակից աշխարհում չենք կարող թույլ տալ, որ իրավիճակը մնա անփոփոխ։ Երևանի «Հայբուսակ» համալսարանի և Տերամոյի համալսարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է այդ տեսանկյունից։ Թող այս հուշագիրը դառնա ոչ միայն փաստաթուղթ, այլ նաև իրավական երկխոսության խորհրդանիշ»։
Տերամոյի համալսարանի պրոֆեսոր Ինիացո Կաստելուչչին էլ ընդգծեց, որ Իտալիան և Հայաստանը ունեն բազմաթիվ մշակութային և ակադեմիական ընդհանրություններ, ինչը ևս նպաստեց համագործակցության որոշման կայացմանը։ «Մենք համակարծիք ենք, թե ինչպես պետք է զարգանան իրավաբանական ֆակուլտետները. սա մեր գործընկերության առանցքային ուղենիշերից է։ Բացի այդ, կա նաև իռացիոնալ բաղադրիչ. իտալացիներս հատուկ զգացողություն ունենք հայերի նկատմամբ՝ յուրահատուկ «wow» էֆեկտ, որը դժվար է բացատրել։ Նոր երկրներ բացահայտելու ցանկությունը նույնպես նպաստեց համագործակցությանը։ Այս տեսանկյունից, համատեղ ծրագիրն իսկապես հեռանկարային և ոգեշնչող նախաձեռնություն է մեզ համար»,- ասաց պրոֆեսոր Կաստելուչչին։
Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ մեր երկրի ամենահին և ամենամեծ մասնավոր բուհը՝ եվրոպական գործակալությունների կողմից հավատարմագրվող միակ ուսումնական հաստատությունն է Հայաստանում։ Կրթության որակի ապահովման դժվարին մարտահրավերը «Հայբուսակն» ընդունել է որպես կարևորագույն երկարաժամկետ ներդրում՝ ՀՀ մարդկային կապիտալի զարգացման գործում: