
Երևանի «Հայբուսակ» համալսարանի պատվիրակությունը ապրիլի 3-4-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում
Երևանի «Հայբուսակ» համալսարանի պատվիրակությունը ապրիլի 3-4-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցեց NET24 միջազգային կոնֆերանսին, որը մեկ հարկի տակ էր հավաքել կրթական համակարգի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
Սա այս տարվա ընթացքում NET24 կազմակերպության կողմից կազմակերպված երկրորդ միջոցառումն էր, իսկ հաջորդները նախատեսված են սեպտեմբերին՝ Բանգկոկում, հոկտեմբերին՝ Վարշավայում (գագաթաժողով), և նոյեմբերի վերջին՝ Դուբայում:
Կազմակերպության հիմնական առաքելությունն է՝ ձևավորել ակտիվ միջազգային համայնք՝ միավորելով համալսարաններ, գործակալություններ և գործընկեր կառույցներ: NET24-ն ունի օնլայն հարթակ, որը նպաստում է համալսարանների և գործակալությունների միջև համագործակցության հաստատմանը: Այս պահին հարթակում գրանցված են 16 համալսարան, այդ թվում՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանը, ինչպես նաև մոտ 23 կրթական գործակալություն:
Պատմելով միջոցառման մասին՝ ԵՀՀ Բժշկական ինստիտուտի տնօրենի արտասահմանյան ուսանողների գծով տեղակալ Նարինե Մարտիրոսյանը նշեց, որ կազմակերպիչների կողմից բարձր մակարդակի նախապատրաստական աշխատանքների շնորհիվ մինչ միջոցառման մեկնարկը համալսարաններին տրամադրվել էր հանդիպումների ամբողջական ժամատախտակ, որտեղ յուրաքանչյուր գործակալի հանդիպմանը հատկացվել էր 20 րոպե:
«Գործակալների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր՝ Հունաստան, Կիպրոս, Իսպանիա, Հունգարիա, Էստոնիա, Լեհաստան, Հնդկաստան, Թայլանդ, աֆրիկյան տարբեր պետություններ, Պակիստան, Բանգլադեշ, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Մոնղոլիա, Մալայզիա, Բրազիլիա և այլն:
Միջոցառմանը մասնակցում էին նաև մի շարք համալսարաններ Լեհաստանից, Հունաստանից, Մալթայից, Չեխիայից, Շվեյցարիայից և Կիպրոսից:
Միջոցառման արդյունքում ԵՀՀ-ն արդեն իսկ կապ է հաստատել մի շարք գործակալների հետ, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ: Այժմ մշակվում են պայմանագրեր, որոնց ստորագրումից հետո հնարավոր կլինի ներգրավել ավելի մեծ թվով միջազգային ուսանողներ»,- նշեց Նարինե Մարտիրոսյանը: