
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հունիսի 3-ին հյուրընկալեց Կիպրոսի Casa College Nicosia քոլեջի տնօրեն Յաննիս Սավերիադեսին
Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում «Հայբուսակ» համալսարանի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Յաննիս Սավերիադեսը ներկայացրեց քոլեջի պատմությունն ու զարգացման ուղին՝ նշելով, որ իր հայրը 1961 թվականին Կիպրոսում հիմնել էր դպրոց։ Սակայն 1974 թվականի թուրքական ներխուժման հետևանքով ընտանիքը կորցրել էր տունն ու դպրոցը և տեղափոխվել Նիկոսիայի հարավային հատված, որտեղ շարունակել էր կրթական գործունեությունը։ 1997 թվականին հիմնադրվել էր Casa College Nicosia քոլեջը։
Նրա խոսքով՝ այսօր քոլեջը մասնագիտացած է հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում՝ համադրելով տեսական կրթությունն ու գործնական փորձը։ Ուսանողները սովորելու ընթացքում աշխատում են հյուրանոցներում և ռեստորաններում, իսկ ուսումն ավարտելուց հետո հաճախ ստանում են աշխատանքի հնարավորություն Կիպրոսում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան ուսուցման, միջազգային հավատարմագրման, ուսանողների շարժունության, աշխատաշուկայում պահանջված մասնագետների պատրաստման, ինչպես նաև երկու ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ հարցեր։


