
Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա ուսման վարձի զեղչերի պայմանները
Երևանի «Հայբուսակ» համալսարանում հաստատվել է 2026-2027 ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի զեղչերի տրամադրման կարգը, որի նպատակն է աջակցել սոցիալական տարբեր խմբերի ուսանողներին և խրախուսել նրանց կրթական առաջընթացը։
Հաստատված կարգի համաձայն՝ մասնակի զեղչեր կտրամադրվեն երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, բազմազավակ ընտանիքների անդամ հանդիսացող, սահմանամերձ բնակավայրերից ընդունված ուսանողներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց երեխաներին։ Զեղչերի չափը սահմանվել է 10-ից մինչև 50 տոկոս՝ կախված ուսանողի կարգավիճակից։
Միաժամանակ, 20 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան Երևանի «Հայբուսակ» համալսարանի Բազային քոլեջն ավարտած և համալսարանում ուսումը շարունակող ուսանողները։
Համալսարանը կարևորում է կրթության մատչելիության ապահովումը և սոցիալական պատասխանատվության իրականացումը՝ ստեղծելով առավել բարենպաստ պայմաններ ուսանողների համար։
Հիշեցնենք, որ մի քանի արտոնությունների առկայության դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից։ Սահմանված արտոնությունները չեն տարածվում հեռակա ուսուցման և վերապատրաստման ծրագրերում ընդգրկված ուսանողների վրա։



