Հոկտեմբերի 22-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Ակադեմիական խորհրդի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն անցկացրեց «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում։
«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը նշեց, որ նոր օրենքի նախագծում կան մի շարք վիճահարույց դրույթներ։ «Այս նախագիծը բազմաթիվ կետերով խախտում է ՀՀ սահմանադրությունն ու մարդու իրավունքները։ Բուհը ստեղծագործական միջավայր է, բայց այս օրենքով ոչնչացվում է այդ միջավայրը։ Շատ տաղանդավոր մարդիկ կզրկվեն կրթվելու իրավունքից»,- ասաց Հարությունյանը։ Նա նաև ընդգծեց, որ օրենքի այս նախագծով կրթական համակարգին պարտադրվում է պետական մեծ վերահսկողություն։
«Հայբուսակ» համալսարանի նախկին ռեկտոր, Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը մտահոգություն հայտնեց Ակադեմիական քաղաքի ստեղծման և դրա արդյունքում մասնավոր բուհերի առջև ծառացող մարտահրավերների հարցում։
ԵՀՀ Բժշկական ինստիտուտի տնօրեն Յանինա Մարինոսյանն էլ խնդրահարույց համարեց ընդունելության և ավարտական քննություններին վերաբերող դրույթները՝ նշելով, որ դիմորդի համար չափազանց բարդանում է բուհ ընդունվելը։
ԵՀՀ զարգացման և որակի ապահովման գծով պրոռեկտոր Հրաչյա Կաժոյանն էլ կարծիք հայտնեց, որ բուհը պետք է ընդունի ոչ միայն գերազանցիկներին և նրանց դարձնի մասնագետ, այլ ցանկացած դիմորդի հնարավորություն տա զրոյից դառնալու մասնագետ։
Քննարկման մասնակիցները հանդես եկան օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներով, որոնք կխմբավորվեն և կուղարկվեն ՀՀ կառավարություն։






