Հետազոտությունների ռեսուրս կենտրոն

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Հետազոտությունների ռեսուրս կենտրոնը (ՀՌԿ) Երևանի Հայբուսակ համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը նպաստում է համալսարանի գիտահետազոտական գործունեության զարգացմանը, գիտական ներուժի արդյունավետ օգտագործմանը և ստեղծարար ու ներառական հետազոտական մշակույթի ձևավորմանը։

Կենտրոնը համակարգում և խթանում է գիտական, գիտահետազոտական, գիտամեթոդական ու փորձագիտական աշխատանքները՝ նպաստելով բազմամասնագիտական, մրցունակ հետազոտությունների իրականացմանը, գիտելիքի տարածմանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտների բարելավմանն ու առաջընթացին։

Հետազոտական համալսարանների դերը

Ժամանակակից աշխարհում հետազոտական գործունեության զարգացումը համալսարանների առաջնահերթություններից է։ Կրթական գործընթացի անբաժանելի մասը պետք է լինեն գիտական հետազոտությունները, դրանց արդյունքների կիրառումը և գիտելիքի փոխանցումը՝ դասախոսների, ուսանողների և գիտնականների համատեղ ջանքերով։

Այս մոտեցման իրագործմանն է միտված նաև Երևանի Հայբուսակ համալսարանի Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի գործունեությունը, որը հիմնադրվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Կենտրոնը ձգտում է նպաստել համալսարանի՝ որպես հետազոտական ուղղվածություն ունեցող կրթական հաստատության զարգացմանը՝ խթանելով ակադեմիական համագործակցությունը, գիտական նախաձեռնությունները և հետազոտությունների արդյունավետ կազմակերպումը։

Հետազոտությունների ռեսուրս կենտրոնի հիմնական նպատակները

  • Զարգացնել դասախոսների և ուսանողների գիտահետազոտական կարողություններն ու հմտությունները։
  • Ստեղծել նպաստավոր պայմաններ և արդյունավետ մեխանիզմներ՝ գիտահետազոտական աշխատանքների ծավալն ավելացնելու և հետազոտական նախագծերում դասախոսների ու ուսանողների ներգրավվածությունն ընդլայնելու համար։
  • Նպաստել համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների միջև ակադեմիական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։
  • Խթանել համալսարանի գիտահետազոտական գործունեության միջազգայնացումը և միջազգային գիտական համագործակցության զարգացումը։

Գործունեության հիմնական ուղղությունները

Կենտրոնը մշակում և ներդնում է իր գործունեությունը կարգավորող մեխանիզմներ, կանոնակարգեր ու ընթացակարգեր՝ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, մտավոր ներուժի պահպանման և զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։

Կենտրոնի զարգացման հեռանկարներից է նաև խորհրդատվական գործունեության ընդլայնումը՝ գիտահետազոտական արդյունավետ աշխատանքների իրականացման համար մասնագիտական աջակցություն տրամադրելու միջոցով։

Հետազոտությունների ռեսուրս կենտրոնը բաց է ազգային և միջազգային գիտական, գիտահետազոտական, գիտամեթոդական ու փորձագիտական համագործակցության համար՝ նպատակ ունենալով ամրապնդել համալսարանի հետազոտական ներուժը և նպաստել գիտության ու կրթության զարգացմանը։