Պատմություն
համալսարանի պատմությունը եվ զարգացումը
Երևանի Հայբուսակ համալսարանը (ԵՀՀ) հիմնադրվել է 1990 թվականին անվանի հայ կենսաբան, պրոֆեսոր, ակադեմիկոս Լևոն Հարությունյանի կողմից։ Հայաստանի կրթական համակարգի հետխորհրդային վերափոխումների շրջանում ԵՀՀ-ը դարձավ երկրի առաջին ոչ պետական կրթական հաստատություններից մեկը՝ ձևավորելով մասնավոր բարձրագույն կրթության զարգացման կարևոր նախադրյալներ։
Համալսարանն իր գործունեությունը սկսել է երեք հիմնական ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտության և սննդի տեխնոլոգիաների։1997 թվականին հիմնադրվել է Հումանիտար ֆակուլտետը։ 2003 թվականի մարտի 20-ին «Հայբուսակ» կոոպերատիվ ինստիտուտը վերակազմավորվել է «Հայբուսակ համալսարան» ՍՊԸ-ի։
Համալսարանի զարգացմանը զուգահեռ՝ տարիների ընթացքում նրա կազմում ընդգրկվել են մի շարք կրթական հաստատություններ։ 2009 թվականին Հայբուսակ համալսարանին է միացել Հ. Լազարյանի անվան Արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2011 թվականին՝ Լ. Քալաշյանի անվան Հայկական բաց համալսարանը և «Ռոսլին» դիզայնի ինստիտուտը։ 2012 թվականին համալսարանի կազմում ընդգրկվել է Իմաստասեր Անանիա Շիրակացու համալսարանը՝ Գյումրու մասնաճյուղով, իսկ 2015 թվականին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը։
1995 թվականին համալսարանի սեփականությունն է դարձել Երևանի Աբելյան 6 հասցեում գտնվող մասնաշենքը, որը հետագա տարիներին զարգացել է որպես համալսարանի կրթական, գիտական և մասնագիտական գործունեության հիմնական ենթակառուցվածք։ 2006 թվականին համալսարանը ձեռք է բերել նաև Երևանի Գրիբոյեդովի 15 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքը՝ կրթական գործընթացի և աշխատանքային միջավայրի համար անհրաժեշտ պայմանների ընդլայնման և բարելավման նպատակով։
Համալսարանի ենթակառուցվածքների զարգացման կարևոր փուլերից էր նաև 1996 թվականին համալսարանական կլինիկայի գործունեության մեկնարկը, որտեղ ներկայացված էին ստոմատոլոգիայի և բժշկական կոսմետոլոգիայի ուղղությունները։ 2006 թվականին ուսանողների, աշխատակիցների և այլ շահառուների համար հասանելի դարձավ ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահը։
Նույն՝ 2006 թվականին հիմնադրվել է Կրթության միջազգային ակադեմիան, որի կազմում ընդգրկվել են Երևանի Հայբուսակ համալսարանը, քոլեջը, ավագ դպրոցը և համալսարանի հետ առնչվող այլ կրթական կառույցներ։
1997 թվականից համալսարանը ակտիվորեն մասնակցել է միջազգային կրթական ցուցահանդեսների՝ Իսպանիայում, Հնդկաստանում, Սիրիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։
2001թ․ համալսարանն անցել է պետական հավատարմագրում, և շրջանավարտներին տրամադրվում է պետական դիպլոմ։
Իր գործունեության 35 տարիների ընթացքում համալսարանն արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի, այդ թվում՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի մրցանակի, «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մրցանակների, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ լեզվի տեսչության պատվոգրերի և այլն։
Տարիների ընթացքում համալսարանի զարգացման առանցքային ուղղություններից է եղել կրթական միջավայրի ձևավորումը, որտեղ մասնագիտական պատրաստվածությունը համադրվում է ուսանողների անհատական, սոցիալական և ստեղծագործական զարգացման հնարավորությունների հետ։ Համալսարանի ուսանողները ակտիվորեն մասնակցում են մարզական, սոցիալական և մշակութային միջոցառումներին, ինչպես նաև հասարակական կյանքին՝ ցուցաբերելով նշանակալի ձեռքբերումներ տարբեր ոլորտներում։
Համալսարանն այսօր
Այսօր Երևանի Հայբուսակ համալսարանը միակն է Հայաստանում, որ հավատարմագրում է անցել եվրոպական գործակալությունների կողմից։ Հայբուսակում ստեղված է միջավայր, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն զարգանալու որպես բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ստեղծագործ և վերլուծական մտածողությամբ անհատներ և իրենց համայնքների կյանքի ակտիվ մասնակիցներ։
ԵՀՀ-ն ներառում է չորս հիմնական ինստիտուտ, կլինիկական ու մասնագիտացված կենտրոններ՝ ձևավորելով բազմաբնույթ կրթական և մասնագիտական միջավայր։ Համալսարանն իրականացնում է բարձրագույն կրթություն 18 մասնագիտություններով (բակալավրիատի, մագիստրատուրայի, ինչպես նաև՝ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով), և միջին մասնագիտական կրթություն՝ 8 մասնագիտություններով։
ինստիտուտներ
Ներկայում համալսարանն իր կրթական ծրագրերն իրականացնում է չորս հիմնական ինստիտուտներում՝
Բժշկության ինստիտուտ՝ բուժական գործ, ստոմատոլոգիա, ֆարմացիա, բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտություններով,
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտ՝ տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ և ինֆորմատիկա մասնագիտություններով,
Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ՝ իրավագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտություններով,
«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիա՝ տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա, հայոց լեզու և գրականություն, անգլերեն լեզու և գրականություն, հոգեբանություն, լրագրություն, դիզայն և հագուստի մոդելավորում մասնագիտություններով։
Առաջին տարվա դիմորդներ
Տրանսֆերային ուսանողներ
Ուսուցումն իրականացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Համալսարանի կրթական ծրագրերն ունեն պետական հավատարմագրում, իսկ շրջանավարտներին շնորհվում են պետական դիպլոմներ։ Համալսարանը հատկապես բժշկական կրթական ծրագրերի շրջանակում ներգրավում է զգալի թվով օտարերկրյա ուսանողների՝ ձևավորելով բազմամշակութային ակադեմիական միջավայր։ Համալսարանի բժշկական կրթության միջազգային ճանաչման և տեսանելիության կարևոր բաղադրիչ են նաև նրա ներկայացվածությունը Բժշկական դպրոցների համաշխարհային տեղեկատուում (WDOMS) և միջազգային մասնագիտական համակարգերում, այդ թվում՝ ECFMG և FAIMER։
ԵՀՀ-ի կրթական ծրագրերն ապահովվում են գործնական և մասնագիտական պատրաստվածության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ ներառյալ սիմուլյացիոն կենտրոնները, ստոմատոլոգիական կլինիկան, լաբորատորիաները, իրավաբանական կլինիկան, դատափորձագիտական լաբորատորիան, հոգեբանական կենտրոնը և անգլերեն լեզվի ուսուցման կենտրոնը։
Միջազգային կրթական համագործակցության շրջանակում համալսարանը համագործակցում է Իտալիայի Տերամոյի համալսարանի հետ՝ իրականացնելով իրավագիտության համատեղ կրթական ծրագիր, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ երկու համալսարանների կրկնակի դիպլոմ։
Համալսարանի կրթական առաքելությունը չի սահմանափակվում միայն մասնագիտական գիտելիքների փոխանցմամբ։ ԵՀՀ-ն կարևորում է ուսանողների սոցիալական և հաղորդակցական կարողությունների, պատասխանատվության զգացման, վերլուծական և քննադատական մտածողության, թիմային աշխատանքի և ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ լուծումներ գտնելու կարողությունների զարգացումը։ Ուսանողներին խրախուսվում է նաև գնահատել սեփական ուսումնառության առաջընթացը, մասնագիտական ուժեղ և զարգացման ենթակա կողմերը և ակտիվորեն ներգրավվել համալսարանական ու հասարակական կյանքում։
Համալսարանում իրականացվում է նաև գիտահետազոտական գործունեություն՝ տարբեր ուղղություններով։ Հետազոտությունների արդյունքները ներկայացվում են գիտաժողովներում, հրապարակվում են գիտական հոդվածների ժողովածուներում և ուսումնամեթոդական հրատարակություններում, ինչպես նաև միջազգային գիտական հարթակներում, այդ թվում՝ Scopus և Web of Science շտեմարաններում։