
Երևանի «Հայբուսակ» համալսարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մատենադարանում կազմակերպված Հայագիտական միջազգային 2-րդ կոնգրեսին
Երևանի «Հայբուսակ» համալսարանի հայագիտության ամբիոնի գործունեության շրջանակում ԵՀՀ գիտության գծով պրոռեկտոր Նինա Հոբոսյանը, «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն Արման Սահակյանը, հայագիտության ամբիոնի վարիչ Նաիրա Բալայանը և նույն ամբիոնի դասախոս Նարեկ Մարտիրոսյանը՝ որպես հրավիյալ մասնակիցներ, ներկա գտնվեցին հուլիսի 9-12 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մատենադարանում կազմակերպված Հայագիտական միջազգային 2-րդ կոնգրեսին, որին մասնակցեցին շուրջ 4 տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին։
Կոնգրեսի ընթացքում ԵՀՀ ներկայացուցիչները հայագիտական հայտնի կենտրոնների և հոգևոր դասի վաստակաշատ ներկայացուցիչների հետ ունեցան բազմաբնույթ քննարկումներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։ Վերոհիշյալ հայագետների և հայտնի հոգևորականների թվում էին Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբեկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարտըն Վան Լինտը, Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Շիրինյանը, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, Բելգիայի Արևելյան քրիստոնեական ուսումնասիրությունների ասիստենտ Էմմանուել Վան Էլվըրդինգը, Վրաստանի Կոռնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի Արևելյան և հայկական ձեռագրերի բաժնի ավագ գիտաշխատող Խաթունա Գափրինդաշվիլին, Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և այլք։



