
Պետությունը կհատուցի ուսանողի և դասախոսի հեծանիվի ձեռքբերման վարկի տոկոսները
ՀՀ կառավարությունը հաստատել է առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանմանն ուղղված նոր միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության կրթական հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին ձեռք բերել հեծանիվներ՝ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում։
Մարտի 27-ի N 341-Ն և օգոստոսի 14-ի N 1115-Լ որոշումների համաձայն՝ Հայաստանի պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատակիցները կարող են օգտվել հեծանիվների գնման համար նախատեսված ապառիկ գնման հնարավորությունից։ Վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվում են պետական բյուջեի կողմից։
- Վարկի առավելագույն չափը՝ 300,000 ՀՀ դրամ
- Վերադարձի ժամկետը՝ մինչև 36 ամիս
- Վարկառու կարող է լինել ինչպես շահառուն (եթե աշխատող է), այնպես էլ նրա ընտանիքի աշխատող անդամը։
Վարկերի տրամադրումը կիրականացվի ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Վարկերի վերադարձի ռիսկը կրում են ֆինանսական կազմակերպությունները։ Միջոցառման մանրամասն կարգավորումները ներկայացված են ՀՀ կառավարության որոշումներում՝ 341-Ն և 1115-Լ։
Ծրագրի շրջանակում հեծանիվ վարելու հմտություններ չունեցող շահառուների համար Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան կազմակերպելու է ուսուցման դասընթացներ։ Դասընթացների մասին հայտարարությունը տեղադրված է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ escs.am։
Կառավարությունը խրախուսում է ուսումնական հաստատություններին՝ արտաբյուջետային միջոցների հաշվին, ծրագրի շահառուների համար սահմանել խրախուսական ձևեր՝ կրթաթոշակներ, հավելավճարներ, ուսման վարձի զեղչեր կամ այլ մեխանիզմներ։ Սա կնպաստի ոչ միայն առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանմանը, այլև կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը և հանրային երթևեկության նոր մշակույթի ձևավորմանը։



